Информационно - Торговый
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին (այսուհետ` Դատարան) ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր։

Դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա։ Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, իսկ միջանկյալ դատական ակտերը՝ կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ: Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

Դատարանը կազմված է դատարանի նախագահից և ութ դատավորից:
Դատարանի նախագահն ունի հետևյալ լիազորությունները՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը,
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
7) դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
8) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը,
9) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում են գործավարի և օգնականի մեկական հաստիքներ:
Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է ՀՀ դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը: Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:

Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
քաղաք Կապան, Երկաթուղայինների 4.
հեռախոս՝ (0285) 2-75-58

քաղաք Գորիս, Սյունիքի 8.
հեռախոս՝ (0284) 2-29-91

քաղաք Սիսիան, Գարեգին Նժդեհի 6.
հեռախոս՝ (02830) 32-20: